Յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամիսն անցնում է «Զգաստություն կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ» նշանաբանով։ Կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածված հիվանդություններից է, վերջին տարիներին կտրուկ ավելացել է այս հիվանդությամբ տառապողների թիվը։ Մեծ մասամբ այն զարգանում է նախաքաղցկեղային փոփոխությունների հիման վրա։ Յուրաքանչյուր տարի աշխարհում հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղի մոտ մեկ միլիոն նոր դեպք։ Ինչպես նշում է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն ԽԱՉԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ, կրծքագեղձի հիվանդությունների մեծ մասը հաջողությամբ բուժվում է սկզբնական փուլում։ Կրծքագեղձի փոփոխությունների վաղ հայտնաբերումը նվազեցնում է քաղցկեղի մահացու ելքի հավանականությունը։
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում տարեկան հետազոտվում է մոտ 12 հազար կին, և 600-650-ի մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ։ Գործունեության 12 տարիների ընթացքում այստեղ կատարվել է մոտ 176 հազար զննություն, որից 92 հազարը՝ կրծքագեղձի հետազոտություն։ Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է մոտ 5800-ի մոտ։ Մինչև 29 տարեկան կանանց մոտ արձանագրվել է 52 դեպք։ Եթե սկզբնական շրջանում կենտրոն այցելում էր տարեկան 2-3 հազար կին, որոնցից 90-95-ն ունեին խնդիրներ, ապա վերջին 3-4 տարում հաճախող 10-12 հազար այցելուների 60 տոկոսի մոտ են նկատվում պրոբլեմներ։
Բացի կրծքագեղձի քաղցկեղից, լուրջ պրոբլեմ են համարվում նաև բարորակ ախտահարումները։ Համաշխարհային տվյալներով 30 տարին լրացած յուրաքանչյուր երրորդ կին ունի կրծքագեղձի պրոբլեմ. կենտրոնում հետազոտված կանանցից ավելի քան 60 հազարն ունեն կրծքագեղձի բարորակ ախտահարում։
Քաղցկեղի առաջացման պատճառների մասին բժշկությունն առայժմ ստույգ տվյալներ չունի, սակայն հայտնի են որոշ գործոններ, որոնք բերում են այս հիվանդության առաջացման։ Դրանցից առաջինը, թերևս, սթրեսներն ու ժառանգականությունն են։ Վերջին շրջանում այս հիվանդության աճը Խաչանուշ Հակոբյանը պայմանավորում է 1992-97թթ. ծանր սոցիալ-տնտեսական վիճակով, մարդկանց երկարատև սթրեսային հոգեվիճակով։ Բացի այդ, կյանքն իր առաջընթացով, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ նպաստում է օրգանիզմի առողջ ֆունկցիաների ճնշմանը։ Արտաքին շատ գործոններ, որոնք օգնում են մեզ հեշտ ապրել, հանգեցնում են քաղցկեղի առաջացման։
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրենը կրծքագեղձի քաղցկեղից խուսափելու համար շատ է կարևորում կնոջ նորմալ վերարտադրողական ֆունկցիաների ապահովումը։ «Շատ կարևոր է ժամանակին ամուսնանալը, ծննդաբերելը, կրծքով կերակրելը։ Սրանք բոլորը կարևոր գործոններ են, որոնք ազդում են կնոջ հորմոնալ ֆոնի վրա, որի խանգարումներն ու փոփոխություններն էլ բերում են տարբեր տեսակի գոյացությունների, որոնք էլ կարող են վերածվել քաղցկեղի։ Ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը նույնպես բերում են քաղցկեղածին բջիջների ակտիվացման։ Խիստ կարևոր են սննդակարգը, առողջ սնունդը և, ընդհանրապես, առողջ կենսակերպը։ Տարօրինակ մի փաստ. մաշկի գույնը նույնպես նշանակություն ունի, քանի որ սևամորթների մոտ շատ հազվադեպ է հանդիպում կրծքագեղձի քաղցկեղ։ Եվ մինչև հիմա բժշկագիտությունը չի կարողանում բացատրել այդ փաստը»,- նշում է Խ. Հակոբյանը։
Նա նաև նկատում է, որ հայ կինը չի սիրում զբաղվել իրենով. «Մեր կանայք չափազանց անփույթ են սեփական առողջության նկատմամբ։ Առաջնայինը հայ կնոջ համար իր ընտանիքը, երեխաներն ու ամուսինն են։ Բացի այդ, շատերը խուսափում են բժշկի այցելելուց՝ վախենալով, որ կախտորոշվի այնպիսի մի հիվանդություն, որը կխաթարի իրենց հանգիստը։ Ոմանք պատճառ են բերում ֆինանսական խնդիրները։ Ես դա չեմ ընդունում, քանի որ մամոգրաֆիկ հետազոտությունն արժե 12 հազար դրամ, և արդեն 12 տարի այս գինն անփոփոխ է մնում։ Եվ չեմ կարծում, որ տարվա մեջ 12 հազար դրամ հավաքելն այդքան ծանր կնստի որևէ կնոջ վրա։ Մանավանդ որ կենտրոնում գործում է անվճար հետազոտությունների համակարգ, և օրական 10-15 այցելու օգտվում է անվճար հետազոտվելու հնարավորությունից։ Այն դեպքում, երբ կենտրոն օրական միջինը 70 այցելու է մտնում։ Կանանց բերված բոլոր պատճառներն անընդունելի են, քանի որ մոր առողջությամբ են պայմանավորված ընտանիքի ամրությունն ու առողջությունը։ Այնպես որ, մենք պարտավոր ենք, հանուն մեր ընտանիքի և երեխաների, զբաղվել մեր առողջությամբ և տարին գոնե մեկ անգամ հիշել, որ կան գինեկոլոգ, ռադիոլոգ, ովքեր կտան ճիշտ ախտորոշում, և այդ ախտորոշման արդյունքում կկարողանանք ապահովել մեր կյանքը։ Մոտ երկու հազար կին կենտրոնում պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնելով, իրենց մոտ հայտնաբերել են քաղցկեղը զարգացման շատ վաղ փուլում, և մի փոքր վիրահատական միջամտության արդյունքում հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։ Վիրահատությունից անցել է 8-10 տարի, և նրանք պրակտիկորեն առողջ են։ Իսկ քաղցկեղը եթե վիրահատությունից հետո 5 տարվա ընթացքում չի կրկնվում, ապա հույս ունենք, որ այն այլևս ի հայտ չի գա»:
Կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու և քաղցկեղային հիվանդությունները կանխարգելելու համար Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադիրները նպատակ ունեն հեռավոր մարզերում նույնպես ունենալ մամոգրաֆիկ կենտրոններ։ Դրանցից մեկն արդեն հիմնադրվել է Գավառում։ Կենտրոնի արտագնա հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ամենաշատը Գեղարքունիքի մարզում են կանայք տառապում կրծքագեղձի քաղցկեղով։ Պատճառները, հավանաբար, դարձյալ սոցիալ-տնտեսական են։ Գեղարքունիքի մարզից բավականին մեծ է արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց թիվը։ Եվ ամբողջ հոգսը՝ գյուղական կյանքի մեծ դժվարությունները, երեխաների դաստիարակությունը, ընկնում են կնոջ ուսերին, և, ինչու չէ, նաև սեռական կյանքի բացակայությունը բերում է քաղցկեղի առաջացման։
Գործունեության 12 տարիների ընթացքում պետությունն ընդամենը մեկ անգամ է աջակցել Հայ-ամերիկյան առողջության կենտրոնին և տրամադրել 10 մլն դրամի պետպատվեր։ Այդուամենայնիվ, կարևորելով կանանց առողջությունը, կենտրոնը փորձում է բժշկական օգնությունը դարձնել հասանելի։ Այդ նպատակով սեփական ուժերով կազմակերպվում են արտագնա այցելություններ մարզեր, որտեղ իրականացվում են անվճար զննություններ ու խորհրդատվություն։
Ինչպե՞ս խուսափել քաղցկեղային հիվանդություններից։ Մի քիչ թեթև նայեք պրոբլեմներին, խորհուրդ է տալիս Խ. Հակոբյանը և խոստովանում, որ ինքն էլ չի կարողանում այս սկզբունքը դարձնել կենսակերպ։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ